ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք


ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

  • 05-11-2024 13:16:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։
 
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն` այս կերպ խուսափելով  առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
 
Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ 
 
Միջոցառումների շրջանակում, ընկերության տնօրենի կողմից հետագա հետազոտման նպատակով տրամադրվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները: Դրանց հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։
 
Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով՝ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։
 
Դեպքի առթիվ  հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։ 
 
 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն  ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն