«Ակունքներով անցյալում՝ բաց դեպի ապագան». Շտուտգարտում անցկացվեցին Հայ մշակութային օրերը


«Ակունքներով անցյալում՝ բաց դեպի ապագան». Շտուտգարտում անցկացվեցին Հայ մշակութային օրերը

  • 07-11-2024 13:46:32   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
2011 թվականից Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի Հայ համայնքի և նրա հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Հայ մշակութային օրերը Շտուտգարտում» ամենամյա միջոցառումների շարքը։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը կծանոթանա և կառնչվի հայկական մշակութային ժառանգությանը՝ հաջորդիվ  ներկայացնելով այն ավելի լայն շրջանակներին: Այն նաև հնարավորություն է ընձեռում հայ և գերմանացի արվեստագետներին հանդես գալու իրենց գործերով և նպաստելու հայ-գերմանական մշակութային կապերի զարգացմանը։
2024 թվականին «Հայ մշակութային օրերը Շտուտգարտում » անցկացվեցին հոկտեմբերի 17-27-ը՝ «Ակունքներով անցյալում՝ բաց դեպի ապագան» խորագրի ներքո։ 
 
«Հայ մշակութային օրեր անցկացնելու գաղափարը ծնվեց 2011 թվականին՝ դեսպան Արմեն Մարտիրոսյանի և Գուրգեն Բաղդասարյանի հետ միասին, երբ Հայաստանի անկախության 20-ամյակը տոնելու մշակութայինն միջոցառումներ  կազմակերպեցինք։ 
Դրանք լայն արձագանք ստացան ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ գերմանացիների կողմից,  ստացանք նաև բազմաթիվ խնդրանքներ  այս միջոցառումները դարձնելու ամենամյա ավանդույթ, և այդպես սկսեցինք կազմակերպել Հայ մշակույթի օրերը։  Հոկտեմբեր ամսվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն ոչ միայն մշակութային ամիս է, այլև մոտ է Գյոփինգենի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու անվանակոչության տոնին։ Այս բազմամշակութային կամուրջը դարձավ  իրականություն և ունեցավ շարունակականություն շնորհիվ մեր  բոլոր գործընկերների, հովանավորների, ընկերների աջակցության, ներդրած ջանքերի ու ռեսուրսների, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Առանց նրանց աջակցության, համայնքի մշակութային կյանքն աշխույժ պահելը գրեթե անհնար կլիներ»,- նշում է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ 
 
Ամեն տարի «Հայ մշակութային օրերը Շտուտգարտում» նախաձեռնության շրջանակում անցկացվում են դասական, հոգևոր, ազգագրական, ժողովրդական և ժամանակակից երաժշտական ժանրերի համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ, թատերական ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ ու ընթերցումներ, ցուցահանդեսներ, սիմպոզիումներ և քննարկումներ։ Ներկայացվում է նաև Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի կյանքը, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ և հայկական խոհանոցին նվիրված գաստրոնոմիական միջոցառումներ։ Մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալու և շփվելու հայ և գերմանացի ճանաչված արվեստագետների հետ։
 
«Շատ հուզիչ է, երբ գերմանացի հանդիսատեսը համերգներից կամ դասախոսություններից հետո շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին ու մշակույթին։ Նրանք մոտենում են մեզ, իրենց տպավորություններով կիսվում, նրանցից շատերը արտահայտում են Հայաստան այցելելու ցանկություն՝ մեր ժողովրդի պատմությանն ու ներկային ավելի լավ ծանոթանալու համար»,- նշում է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ 
 
Այս տարվա «Հայ մշակութային օրերը Շտուտգարտում» միջոցառումների շարքում էին   «Գեղարդ» երգչախմբի բացառիկ համերգը՝ Հայ հոգևոր և ավանդական երաժշտության համադրությամբ, հայ գրող Արմինե  Սարգիսյանի «Անվերնագիր հուշեր» նոր գրքի շնորհանդեսը, Վիգեն  Չալդրանյանի «Ալթեր Էգո» («Վարդապետի լռությունը») գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի, երիտասարդ ռեժիսորներ Վահան Գրիգորյանի «Ցեխը» և Մարտին Մաթևոսյանի «Էմմա» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունները, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրյա հայկական դպրոցի սաների համար «Սևանիկ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը, Արաքսիա Սեխսփոսյանի և  Հեղինե Հովհաննիսյանի կողմից կանանց համար կազմակեպված ստեղծագործական բրանչը՝ հայկական արվեստն  ու մշակույթը մոտիկից  ճանաչելու և  իրենց իսկ ձեռքերով ստեղծագործելու նպատակով եկած ավելի քան 30  տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 
 
Հայ Մշակութային Օրերը Շտուտգարտի մեջ առանձնացան ոչ միայն իրենց խոշոր անուններով և ծրագրերով, այլև Բադեն-Վյուրթեմբերգի հայ երիտասարդության ներգրավվածությամբ։ Վերջիններս  «Փոխըմբռնման կամուրջներ» ծրագրի միջոցով ցույց տվեցին, թե ինչպես կարելի է մշակույթը դարձնել կենդանի և կապակցված՝ ժամանակակից ու երիտասարդական մոտեցումներով։ 
2024 թվականի «Շտուտգարտում Հայ մշակութային օրերի» գլխավոր իրադարձությունը եզրափակիչ համերգն էր, որը  տեղի ունեցավ «Stiftskirche» եկեղեցում։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գերմանացի դիրիժոր Ֆրից Կրեմերի ղեկավարությամբ հանդիսատեսին  ներկայացավ տարբեր մշակույթներ և ժամանակաշրջաններ միավորող հայկական և եվրոպական ավանդական ու ժամանակակից ստեղծագործություններից բաղկացած բացառիկ ծրագրով։  
 
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր արվեստագետներին և մշակութային գործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հարստացրեցին այս օրերը՝ վերածելով դրանք կենդանի, խորը և անմոռանալի փորձառության։ Նրանց արվեստը շունչ տվեց մեր մշակույթին՝ ընդգծելով հայկական ժառանգության հարուստ արժեքներն ու դրանց նորովի մոտեցումները։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր հանդիսատեսին՝ միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցության համար. դա մեզ համար ոգևորիչ և պարտավորեցնող է»,- իր խոսքում նշում է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ 
 
Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը հավելեց, որ արդեն սկսվել են 2025 թվականի հոկտեմբերի 16-26-ը նախատեսվող «Հայ մշակութային օրերը Շտուտգարտում» միջոցառումների շարքի նախապատրաստական աշխատանքները, և Բադեն-Վյուրթեմբերգի Հայ համայնքը մեծ սիրով պատրաստ է համագործակցել նոր խաչմերուկներ կառուցելու համար՝ միավորելով տարբեր մշակույթներ ու սերունդներ։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն