Ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերության կողմից նախաքննությամբ պետական բյուջե է վերականգնվել 118 000 000 ՀՀ դրամ
Ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերության կողմից նախաքննությամբ պետական բյուջե է վերականգնվել 118 000 000 ՀՀ դրամ
09-11-2024 11:24:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, հարկերը չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը:
Մասնավորապես՝ վաճառքներ իրականացնելիս չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վեց անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կետով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։
Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ համակցված՝ գրավ և բացակայելու արգելք։
Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 118 000 000 ՀՀ դրամ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: