Մեկնարկել է 2024 թ. ուսուցիների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն


Մեկնարկել է 2024 թ. ուսուցիների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն

  • 09-11-2024 13:42:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը:
 
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց: Նախարարը շրջել է քննական սենյակում, զրուցել ուսուցիչների հետ ատեստավորման անցկացման նոր՝ էլեկտրոնային եղանակի մասին և հաջողություն մաղթել նրանց:
 
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 6 հազար մանկավարժ:
 
Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
 
Քննական յուրաքանչյուր կենտրոնում ուսուցիչները կստանան տեխնիկական աջակցություն՝ համակարգ մուտք գործելու և այլ հարցերով:
 
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն