Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհերի, Ռուսաստանը՝ Մոսկվայի մարզի վրա զանգվածային հարձակման մասին
11-11-2024 12:01:15 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ նոյեմբերի 11-ի գիշերը Կուրսկի և Բելգորոդի մարզերում ոչնչացրել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք, ևս 4-ը՝ Վորոնեժի մարզում։ Իսկ նոյեմբերի 10-ի ընթացքում ՌԴ տարբեր շրջաններ ենթարկվել էին զանգվածային հարվածների, որոնց մեծ մասը՝ Մոսկվայի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշում է, որ նախորդ օրվա ընթացքում Ռուսաստանի տարբեր հատվածներում խոցվել է ուկրաինական 96 անօդաչու թռչող սարք։Զանգվածային հարվածների հիմնական թիրախ է դարձել Մոսկվայի մարզը, որտեղ խոցվել է 34 ԱԹՍ։
Վնասվել են մեքենաներ և մասնավոր տներ։ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով Մոսկվայի մարզում 5 մարդ է վիրավորվել։
«Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում որոշ ժամանակով դադարեցվել են չվերթերը, 36 ինքնաթիռ ուղարկվել է այլ օդանավակայաններ։ Իր հերթին Ռուսաստանն այս գիշեր ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքին, որտեղ, ըստ երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, 5 մարդ է զոհվել։
Վնասվել են նաև տներ, բռնկվել են հրդեհներ։Գիշերը Ուկրաինայի իշխանությունները հայտնել են նաև Զապորոժիե քաղաքին հասցված ավիահարվածների մասին, որոնց հետևանքով զոհվել է 1 մարդ, 9 մարդ վիրավորվել է։