COP–29–ին մասնակցելը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից. Կոստանյան
11-11-2024 12:29:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կտեղեկացնի, երբ որոշում կայացնի COP29–ին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։
Բաքվում անցկացվող COP–29-ին Հայաստանի մասնակցությունը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Մեր մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, մենք դեռ որոշում չունենք։ Մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, երբ որոշումներ կայացնենք COP–29–ին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,–ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: