ՊԵԿ-ը BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել. երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին


ՊԵԿ-ը BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել. երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին

  • 13-11-2024 12:50:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՏՀԶԿ Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։ 
 
Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։ Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հարկային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։
 
Երկրների միջև փոխանակվող հաշվետվության մեջ արտացոլվում են բազմազգ կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու եկամուտները։ Այն տեղեկություններ է պարունակում նաև անդամ կազմակերպությունների ռեզիդենտության երկրների մասին։ 
 
Նշենք, որ այս հաշվետվությունը հարկային մարմնի կողմից օգտագործվելու է բացառապես բարձր ռիսկային դեպքերն ուսումնասիրելու համար։ Այն չի կարող հիմք ծառայել հարկ վճարողի հանդեպ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու նպատակով։
 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն