Հայաստանի որևէ պաշտոնյա COP29-ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. Միրզոյան
14-11-2024 11:01:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Հայաստանի որևէ պաշտոնյա Ադրբեջանում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ադրրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարել էր, թե Հայաստանից որոշ ներկայացուցիչներ գրանցվել են ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին:
Արտգործնախարար Միրզոյանը չբացառեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն «այդպիսի բան արած լինեն», թեև հավելեց՝ իրեն այդ մասին էլ որևէ տեղեկություն հայտնի չէ։
«Բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, և կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- հավելեց Միրզոյանը։
Պաշտոնական Երևանը դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցել Բաքվում նոյեմբերի 11-ից մեկնարկած Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի վեհաժողովին, թե ոչ։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն օրերս «Ազատությանն» ասել էր՝ «եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ»՝ շեշտելով՝ Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից։