Մոսկվան մերժեց, Անկարան հերքեց. Թրամփին կհաջողվի՞ փարատել Եվրամիության տագնապները


Մոսկվան մերժեց, Անկարան հերքեց. Թրամփին կհաջողվի՞ փարատել Եվրամիության տագնապները

  • 19-11-2024 14:18:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Նախ Թուրքիայի նախագահի գրասենյակին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը, ապա և արտաքին գործերի նախարարությունը հերքում են տարածել, որ Մեծ քսանյակի գագաթաժողովում նախագահ Էրդողանի կողմից ուկրաինական կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, ԱԳՆ հայտարարությունը, ընդ որում, հասցեագրված է կոնկրետ լրատվամիջոցի՝ Bloomberg-ին, թեև նույնաբովանդակ տեղեկատվություն առաջինը հենց թուրքական մամուլն է տարածել:
 
Թուրքական կողմի հերքումները, սակայն, արժանահավատ չեն, քանի որ հաջորդում են Էրդողանի նախաձեռնության վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի մեկնաբանությանը: Այդ մակարդակով մամուլի «հերյուրանքներին» որպես կանոն չեն անդրադառնում: Պեսկովը, մինչդեռ, հստակ հասկացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու, իրավաքաղաքական կարգավորումը հետաձգելու միջնորդությունների ժամանակը մնացել է անցյալում, Մոսկվան բանակցությունների համար բաց է այն սկզբունքներով, որ նախագահ Պուտինը ձևակերպել է հունիսի 14-ի հայտարարությամբ: Իսկ դրանք ենթադրում են Ուկրաինայի կապիտուլյացիա:
 
Դժվար է կռահել, թե որտեղ և ինչպես է վրիպել Թուրքիայի նախագահը, երբ գրեթե բառացիորեն կրկնել է ուկրաինական ճգնաժամի այն ծրագիրը, որ ամերիկյան մամուլը վերագրում է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Մանավանդ որ մինչ այդ տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը, որ ոչ մի արդյունք չի արձանագրել: Եթե, իհարկե, արդյունք չհամարենք պարզորոշ բացահայտումը, որ խնդրի շուրջ կողմերի մոտեցումները տրամագծորեն ներհակ են, իրարամերժ: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ «ոսկե միջին» է հնարավոր, որպեսզի կողմերի և՛ դեմք փրկեն, և՛ որոշակի դիվիդենտներ շահեն:
 
Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Բորելը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բայդենն Ուկրաինայի արտոնել է մինչև 300 կիլոմետր խորությամբ ATAMCS հրթիռներով հարվածել Ռուսաստանի ռազմական թիրախներին: Այդ հարցում Եվրամիությունն արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում ընդհանուր հայտարարի չի եկել: Բորելն ասել է, որ յուրաքանչյուր երկիր կգործի այնպես, ինչպես նպատակահարմար կգտնի:
 
Մամուլը փոխանցել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Լանդսբերգիսի պատկերավոր խոսքը: «Ես չէի շտապի շամպայն բացել, քանի դեռ չգիտեմ, թե ԱՄՆ-ը քանի հրթիռ է տրամադրել Ուկրաինային»: Փորձագետները եզրակացնում են, որ Միացյալ Նահանգները «նույնիսկ մերձավոր դաշնակիցներից է գաղտնի պահում Ուկրաինային տրամադրած սպառազինությունների քանակը»:
 
Այս իրողության նկատառմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հազիվ թե ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանն» իր անունից հանրայնացնելիս խորհրդակցել է ԱՄՆ ընտրված նախագահի թիմի հետ: Ըստ երևույթին, Մերձավոր Արևելքում որոշակի դիրքային հեռանկար ապահովելով՝ կապված ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Թուրքիա տեղափոխելու հետ, Էրդողանը հավակնոտ քայլ է արել՝ Արևելյան Եվրոպայում նույնպես ազդեցիկ ներկայություն ունենալու, բայց արժանացել Մոսկվայի սառը մերժմանը:
 
Ղրիմի հարցում Էրդողանի դիրքորոշումը հանուն Ուկրաինայի չէ կամ միայն միջազգային իրավունքի հանդեպ հարգանք չէ:
 
Թուրքիան ուկրաինական կարգավորմանը ներգրավված է Սև ծովում և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանի հարավում հնարավոր բոլոր ձևերով ամուր ներկայություն հաստատելու նպատակով: Ռուսաստանը, դատելով փորձագիտական շրջանակների դիտարկումներից, լրջորեն անհանգստացած է Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրավորումներից և ձգտում է Անկարայի միջնորդությունը թոթափել: Այդ դեպքում, կարծես, Վլադիմիր Պուտինի համար նախընտրելի պիտի լինի Միացյալ Նահանգների հետ ուղղակի պայմանավորվածությունը: Եթե, իհարկե, հանրապետական վարչակազմին հաջողվի հաղթահարել Եվրամիության «վետոն» կամ հիմնովին փարատել «Հին աշխարհի» տագնապները: Կհաջողվի՞:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը