Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղարի հետ
20-11-2024 13:16:09 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ:
Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:
Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշել է, որ Վիետնամն առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար ու հավելել, որ մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեն սերտ կապեր՝ հիմնված փոխադարձ վստահության, ավանդական եւ մշակութային կապերի վրա:
Կողմերն ընդգծել են նաեւ փոխադարձ զբոսաշրջության կարեւորությունը՝ նշելով, որ այն տնտեսական օգուտների հետ մեկտեղ խթանելու է նաեւ մարդկանց միջեւ շփումները: Այդ համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների հարցը:
Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանային զարգացումներին, եւ Ալեն Սիմոնյանը Տո Լամին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: