Անտուրաժը պարզ է. ո՞րն է Փաշինյանի նպատակի խորքը


Անտուրաժը պարզ է. ո՞րն է Փաշինյանի նպատակի խորքը

  • 20-11-2024 13:22:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոն: ՆԳՆ նախարարի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ հրաժարական ներկայացրեց Վահե Ղազարյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների փաթեթային հրաժարականն իր «խնդրանքի» արդյունք էր:
 
Հետաքրքիր է, իսկ Արփինե Սարգսյանը ո՞ւմ «խնդրանքով» է նշանակվում նախարար: Այդ հարցը կարող է միանգամայն տեղին լինել, եթե նկատի ունենանք այն, որ Վահե Ղազարյանի պաշտոնավարումը տևական ժամանակ դժգոհությամբ են ընդունել այն շրջանակները, որոնք եղել են ոստիկանական բարեփոխումների դոնորներ: Նրանց դժգոհությունը եղել է Ղազարյանի նշանակումից ի վեր: Այժմ պետք է ենթադրել, որ Արփինե Սարգսյանի նշանակումն այդ դոնորների համար պետք է լինի գոհացուցիչ, քանի որ գերազանցապես հենց Սարգսյանն էր մշտապես աշխատում նրանց հետ և քննարկում ոստիկանական բարեփոխումների ծրագրերը:
 
Մյուս կողմից, սակայն, առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք նոր նախարարի նշանակումից կամ գործունեությունից գոհ է լինելու հանրությունը: Թեև Վահե Ղազարյանը կառավարության վերջին նիստում հայտնել էր, թե սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը վստահում է ոստիկանությանը, այդուհանդերձ, անզեն աչքով տեսանելի է այն դժգոհությունը, որ հասարակությունն ունի երկրում քրեածին իրավիճակից: Հանցագործությունների աճը և տարածումն ակնառու է ու խիստ մտահոգիչ:
 
Բավականին ծանր է վիճակը հատկապես թմրանյութերի շրջանառության մասով, որի սահմաններն արդեն հատել են անգամ կրթական հաստատությունների շեմը: Արփինե Սարգսյանն ի վիճակի լինելո՞ւ է արդյունավետ կառավարել ՆԳՆ սուպերնախարարությունն այնպես, որ իրավիճակն այդ առումով ոչ միայն չշարունակի խորանալ, այլ կարճ ժամանակում նկատելի լինի դրական փոփոխության առարկայական միտումը: Այստեղ էական է դառնում մեկ այլ հանգամանք: Տրենդային իմաստով, իհարկե, պատկերացնելի է կին նախարարի նշանակումը:
 
Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել Հայաստանում առկա և առավել ևս իրավապահ համակարգում գոյություն ունեցող մենթալ դրսևորումները: Հետևաբար հարց է առաջանում, թե կին նախարարը որքանով է ի վիճակի լինելու կառավարել դրանք սուպերնախարարության համակարգում, որը ներառում է մի շարք էական կառույցներ: Ի վերջո, մի բան է զբաղեցնել որոշակի ուղղության համար պատասխանատու փոխնախարարի, մեկ այլ բան՝ ամբողջական քաղաքականության համար պատասխանատու նախարարի պաշտոն: Այդ ամենով հանդերձ, սակայն, գլխավորը, իհարկե, այն է, թե նախարարի նշանակումով ինչ խնդիր է պատրաստվում լուծել Նիկոլ Փաշինյանը: Ինչ խնդիր և ինչ կտրվածքով ու շեշտադրումով:
 
Նիկոլ Փաշինյանին պե՞տք է իրապես և խորապես ռեֆորմացվող ոստիկանություն, թե՞ անհրաժեշտ է միայն քաղաքական-քարոզչական անտուրաժ: Անտուրաժի տրամաբանության համատեքստում Ղազարյանի պաշտոնանկությունն ու Արփինե Սարգսյանի նշանակումը լիովին պարզ են: Մեղմ ասած շատ հարցականներ կան իրավապահ այդ գերհամակարգի կառավարման և իրական ռեֆորմացիայի, ըստ այդմ՝ գործունեության իրական արդյունավետության հեռանկարի կապակցությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը