«Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Անկարան ակտիվորեն աշխատում է Բաքվի հետ․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
21-11-2024 11:26:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է, Բաքվում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ այս ուղղությամբ Անկարան ակտիվորեն աշխատում է ադրբեջանական կողմի հետ։
«Միջանցքը կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Ապա այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա», - հայտարարել է թուրք նախարարը՝ նշելով, որ Անկարան նախագիծն արդեն ավարտել է, մրցույթն անցկացրել է և մոտ օրերս կսկսի շինարարական աշխատանքներն՝ «ուղիղ տրանսպորտային կապ ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օրերս հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում ասել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» շահավետ կլինի բոլոր կողմերի համար։
«Մեզ համար այն կարևոր է, քանի որ կապահովվի Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ Հայաստանին այն հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը»,- ասել էր Ամիրբեկովը՝ շեշտելով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, իսկ Ռուսաստանը շահագրգռվածություն է ցուցաբերել։
Նա նաև նշել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը նաև կարող է հետաքրքրել Իրանին, քանի որ այն հնարավորություն կընձեռի ընդլայնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «դառնալով կարևոր գործոն տարածաշրջանային վստահության ամրապնդման գործում»։
Թեհրանից վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են, թե Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ՝ աջակցելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Իրանն իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։