Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան
23-11-2024 11:53:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը:
Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ ներկայումս Ադրբեջանում տեղի է ունենում մեծ միջազգային համաժողով՝ COP29-ը, կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա: «Ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո գործընթացները կշարունակվեն»,-նշեց ՀՀ վարչապետը:Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որով ևս հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում իրականացվել է Տավուշի հատվածում:Հանձնաժողովների վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին։