Երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մանկապարտեզում. ողբերգական դեպքի մանրամասները
02-12-2024 14:26:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ծնողներից մեկը որոշել է չսպասել շտապօգնությանը և իր սեփական մեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց։
«Արաբկիր» ԲԿ–ում այսօր մահացած 4 տարեկան աղջնակի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մանկապարտեզում։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանում 4 տարեկան աղջնակ է մահացել։ Նա Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել փոքրիկի կյանքը։
«Մանկապարտեզի աշխատակազմը շտապօգնություն է կանչել, որը 7 րոպեում հասել է, բայց ծնողներից մեկը որոշել է այդքան չսպասել և իր սեփական մեքենայով երեխային տեղափոխել է «Արաբկեր» ԲԿ։ Նա արդեն ծայրահեղ ծանր վիճակում է եղել։
Ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»,–հայտնում է քաղաքապետարանը։
ՀՀ քննչական կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեխայի մահվան վերաբերյալ հաղորդում են ստացել։
«Որպես հանկարծամահություն վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեկաան օրենսգրքի 155–րդ հոդվածի առաջին մասով։
Իրականացվում է նախաքննություն»,–հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։
Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Քննչական գործողություններ են իրականացվում, այդ թվում` մանկապարտեզի անձնակազմի հետ։