Ավտոբուսների վարորդները նախապես չեն հայտնել գործադուլի մասին. Երևանի քաղաքապետարան
03-12-2024 11:24:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Քաղաքապետարանում անտրամաբանական են որակում վարորդների պահանջները:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ նախապես չեն ծանուցել, որ հրաժարվելու են դուրս գալ երթուղիներ:
Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նշենք, որ վաղ առավոտից երևանյան մի շարք վարչական շրջաններում կանգառներում մարդկանց կուտակումներ են ավտոբուսների խիստ սակավաթվության ու բազմաթիվ վարորդների գործադուլի պատճառով։
«Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։ Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդներ հերթական անգամ առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»,- գրել է Կոստանյանը:
Նա հիշեցրել է, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է 219.500-401.500 ՀՀ դրամ (կախված տրանսպորտի տեսակից - խմբ.)։
Կոստանյանը վստահեցրել է՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև հիշեցրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։