Այս մասին Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման եզրահանգման է եկել «հիմնավոր տպավորությունների» արդյունքում։
Նրա խոսքով, կառավարության հիմնական առաքելությունը համարվում է «ազգ-նահատակ» կարգավիճակը հաղթահարելը։
«Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ, անկախ նրանից՝ սա որքանով է ձևակերպված եղել կամ ձևակերպված չի եղել։
ԵՒ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել և ինչ-որ առումով շարունակել է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը «ազգ-բանակն» է։ Բայց նաև պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումներն ու մտածումները բերում են այն եզրակացության, որ «ազգ-բանակը» «ազգ-նահատակ» բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»։
Ըստ նրա, եթե դիրքավորվում ենք «ազգ-բանակ», մեր դեմ գեներացնում ենք այլ բանակներ։
«Ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, այս հարցում շատ հստակ պետք է կողմնորոշվենք ու ուղիղ, անկեղծ ուղերձներ պետք է կիսենք ժողովրդի հետ։ Չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է պատասխանենք՝ իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք, կարող ենք խնդիր դնել, որ մենք պետք է ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, կարող ենք խնդիր դնել, որ ավելի ուժեղ բանակ ունենանք, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների՝ մենք ո՞ւմից ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք։ Ես ասում եմ՝ այդ թվում վերլուծելով մեր մոտեցումները, մեր սխալները, ես չեմ ուզում մենք փակուղի մտնենք, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել պետության տրամաբանությունը, որը գործում է սեփական շահերին համապատասխան, պետությունը ունի միջազգայինորեն ճանաչված կոնկրետ տարածք, և գործում է միայն ու միայն այդ տարածքի շահերին համապատասխան»։