Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի կողմից մանդատը վայր չդնելու խնդրանքի մասին
03-12-2024 13:39:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու հարցի հետ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո խնդրանքով դիմել էր պատգամավորին՝ նրան հորդորելով վայր դնել մանդատը: Նախօրեին Աղազարյանը հայտարարել է, թե «ստիպված է մերժել վարչապետի խնդրանքը»:
Լրագրողների հարցին՝ ինչպես է Սիմոնյանը վերաբերվում Աղազարյանի մերժմանը, ԱԺ նախագահը պատասխանեց՝ բացասական:
«Համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ դիմել էր նրան նաև հրապարակային խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել: Ես չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, ես դա իրեն էլ եմ ասել»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է իր և Հովիկ Աղազարյանի զրույցին, ասաց՝ տեղի է ունեցել անկեղծ զրույց:
Լրագրողների դիտարկմանը, թե եղե՞լ են արդյոք սպառնալիքներ իր կողմից, ԱԺ նախագահն ասաց, որ եթե ցանկանար մեկին սպառնալ, դա կաներ տեսախցիկների առաջ:
«Խոսքն այն մասին է, որ անկեղծ զրույց տեղի ունեցավ: Խոսքը էմոցիոնալ խոսքի մասին է, և մենք բավականին երկար զրուցեցինք: Ես քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը պետք է բավարարվի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ կարո՞ղ է բարձրացվել Աղազարյանի՝ խմբակցությունից հեռացման հարց, Սիմոնյանն ասաց՝ եթե նա իրեն դնում է թիմից դուրս, կարծում է՝ նա այլևս այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու:
«Եթե դու քեզ դնում ես թիմից դուրս, դա ամենավատ բանն է: Ես չգիտեմ՝ ՔՊ վարչությունն ինչ որոշում կկայացնի, բայց եթե նման բան էլ տեղի ունենա, դա կլինի ստեղծված իրավիճակի արձանագրում, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը: