Բարոյական չէ Գեղամ Նազարյանի պարագայում խնդրել, որ մանդատը վայր դնի. Ալեն Սիմոնյան
03-12-2024 15:59:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Ես վստահ եմ, որ պարոն Նազարյանը (պատգամավոր Գեղամ Նազարյան - խմբ.) վայր չէր դնի իր մանդատը, եթե նույնիսկ խնդրեին: Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, թե վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից, և այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Սիմոնյանի համոզմամբ՝ բազմաթիվ մարդիկ 2021 թվականի ընտրություններին գնացել ու «Հայաստան» դաշինքին ձայն են տվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և դաշնակցականները Նազարյանին բերել էին որպես որդեկորույս հայր, և մարդիկ նաև ձայն են տվել իրենց՝ Գեղամ Նազարյանի գոյության, կորուստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ:
«Բարոյական էլ չէ պարոն Նազարյանի պարագայում խնդրել, որ մանդատը վայր դնի: Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը փորձում է այնտեղ իշխանությունը վերցնել և կամաց-կամաց այն մարդկանց, որոնք դաշնակցական չեն, «Հայաստան» խմբակցությունից դուրս մղել: Դա մի մեծ պլան է: Նրանք հասկացան, որ մեր նկատմամբ ոչ մի բան չեն կարողանում անել, ընտրություններն էլ մեկ տարուց մոտենում են, որոշեցին նման բան անել: Կարելի է մտածել՝ իրենցից ոչ մեկ ինձ հետ գործուղման չի եղել, ինձ հետ հաց չի կերել, չի նկարվել»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին, որ նա ցանկացել է բարեկամական խմբերում ներառվել, գնալ Ժնև, ելույթ ունենալ գերիների հարցի վերաբերյալ, բայց իրեն չեն ներառել, Սիմոնյանն ասաց՝ նա ասել է, կկարողանա գալ երկու օրով:
«Այսինքն՝ ինչ է նշանակում երկու օրով կարող եմ գալ: Չորս օրվա միջոցառում է, գործուղում է, կարող է առաջին օրը խոսես, կարող է հերթդ վերջում հասնի: Նեղսրտել է: Չի՛ գալու, ո՛չ ինքն է գալու, ոչ որևիցե մեկը: Կգան՝ կաշխատեն աշխատանքին վայել ձևերով»,- ասաց Սիմոնյանը:
Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հրավիրել է գործուղումների մասնակցել, սակայն մերժում է ստացել:
«Մնացածները չեն գալիս, բոլորին ասել եմ: Չկա գրեթե մի պատգամավոր, որին ինչ-որ պահի չենք դիմել: Չեն գալիս, հարգելի՛ս»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը: