Հաշվապահները, իրավաբանները և ֆինանսական խորհրդատուները տեղափոխվեցին ԱԱՀ դաշտ
04-12-2024 11:27:07 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Եթե շրջհարկի համակարգում աշխատում ոլորտները ծառայություններ մատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա վերջիններս չեն կարողանա այդ ծառայությունները ծախսագրել։
64 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ՀՀ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխությունները։
Նոր փոփոխությունների համաձայն՝ 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ կտեղափոխվեն մինչ այս պահը շրջանառության հարկման համակարգում աշխատող մի շարք ոլորտներ։ Իսկ հունվարի 1-ից արդեն իսկ ԱԱՀ դաշտում կգործեն փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները։
Ըստ այդմ՝ եթե նախագծի նախնական տարբերակով կառավարությունը ցանկանում էր ԱԱՀ դաշտ տեղափոխել իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, ապա հիմա նրանց թիվը կրճատվել է։
2025 թ․ հուլիսի 1-ից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։
Այս դեպքում անգամ ՀՀ օրենսդիրը սահմանափակում է կիրառել․ եթե շրջհարկի համակարգում աշխատում ոլորտները ծառայություններ մատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա վերջիններս չեն կարողանա այդ ծառայությունները ծախսագրել։
Նախագծի քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու և փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների հերն անիծելու մասին։
Նրա խոսքով՝ սա չհիմնավորված բեռ է, որը տնտեսության մեջ նոր ճնշումների է բերելու։ Պատգամավորը նաև հավելեց՝ իրավիճակային գնահատական չկա, թե այս փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենալու տնտեսվարողների վրա, քանիսն են ստիպված լինելու թողնել ու գնալ երկրից որոշման արդյունքում։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել էր, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։