Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել
06-12-2024 14:07:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին Մալթայում հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը հավելել է, որ քաղաքական կամք դրսևորվելու պարագայում, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են վերջին շրջանում իրականացվող քայլերին, համագործակցության հնարավորություններին և քաղաքական երկխոսության հետագա խթանման նպատակով հաջորդ տարվա ընթացքում փոխադարձ այցերի կազմակերպման հարցերին: