ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին


ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին

  • 12-12-2024 15:41:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Ռուսաստանը կարող է կրկին հարձակվել Ուկրաինայի վրա նոր «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռով, զգուշացնում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը։ Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը ճեպազրույցում հայտարարել է, որ հարվածը կարող է հասցվել «առաջիկա օրերին»՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության նոր գնահատականը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
 
Նա, միաժամանակ, հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հայտարարել է հերթական «Օրեշնիկ» հրթիռ արձակելու մտադրության մասին։ Վաշինգտոնը ծրագրված հարվածի հնարավոր ժամկետի ու վայրի մասին մանրամասներ չի հաղորդել։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են առավելության հասնել մարտի դաշտում, ինչը կարող է լծակներ տրամադրել պատերազմի ավարտի հնարավոր բանակցություններում։ «Միացյալ Նահանգներն «Օրեշնիկ»-ի օգտագործումը բեկումնային չի համարում ռազմական գործողություններում, սակայն ռուսները փորձում են օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր զենքերը՝ Ուկրաինային վախեցնելու համար»,- հավելել է Սինգհը:
 
Ըստ նրա՝ Ուկրաինան, պաշտպանվելով ռուսական ռազմական ագրեսիայից, նախկինի պես կարող է հույս դնել ԱՄՆ-ի և աշխարհի մյուս գործընկերների աջակցության վրա։ Ռուսաստանն առաջին անգամ «Օրեշնիկն» օգտագործել է նոյեմբերի 21-ին՝ հարվածելով Դնեպրին։ Նախօրեին էլ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում էին գործել Տագանրոգի ռազմաօդային բազայի վրա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է ամերիկյան 6 հեռահար ATACMS հրթիռներով։ Հաղորդվել է նաև, որ հրթիռի բեկորների անկման հետևանքով զինծառայողներ են տուժել, ավերածություններ չկան։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է՝ հարձակումն «անպատասխան չի մնա, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը