Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան


Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

  • 19-12-2024 13:53:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
 
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մ.Հ.-ն՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
 
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դատախազի կողմից հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել էր:
 
Քրեական վարույթով պարզվել էր, որ մեղադրյալ Ա.Ս.-ն, ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ Մ.Հ.-ի հետ ունեցած վեճից հետո, այցելել է Մ.Հ.-ի բնակության վայր և իր հետ նախապես վերցրած դանակով 25 հարված է հարցրել Մ.Հ.-ին:
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն