Մինչև 2025-ի փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի գործող արժեքները կպահպանվեն. նոր նախագիծ կառաջարկվի
21-12-2024 11:14:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա փոխանցմամբ՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը տրոլեյբուսներից և մետրոյից օգտվելու դեպքում ևս կպահպանվեն գործող արժեքները:
Հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին, հայտնում է Հայկ Կոստանյանը:
«Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման», - նշել է Կոստանյանը:
Հունվարից, ըստ նրա, արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի լիցքավորել տոմսային փաթեթները:
«Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին», - մանրամասնել է նա:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։
Հունվարի 1-ից ուսանողների համար կգործի 15, դպրոցականների ու նպաստառուների համար՝ 20, իսկ թոշակառուների համար՝ 30 տոկոս զեղչ: Անվճար կերթևեկեն 0-7 տարեկան երեխաները, 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականները, ծնողազուրկ ուսանողները, հաշմանդամության խորը, առաջին, երկրորդ խմբերում ընգրկված մարդիկ, մանկատանն ու ծերանոցներում ապրողները, ազգային հերոսները և 4-ից ավելի երեխաներ ունեցողները:
Բուռն քննարկումներով, քվեարկությունների բոյկոտներով ու բողոքներով ուղեկցված միասնական տոմսային համակարգի ընդունումը ընդդիմությունը որակել է տրանսպորտի թանկացման նախագիծ: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ստորագրահավաք է անցկացնում՝ մեկ երթի համար 100 դրամ սակագինը պահպանելու պահանջով։