Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Վարչապետ Նիկոլ Փաշինյան
21-12-2024 11:21:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։
Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։
Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը:
Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։
Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։