Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել


Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել

  • 21-12-2024 11:32:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Քաղաքապետարանից պարզաբանել են, որ վարորդների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ:
 
Դեկտեմբերի 3–ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից ազատված 32 վարորդներից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում են գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել են: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13–ի դրությամբ աշխատում է 1192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,–հայտնել է քաղաքապետարանը:
 
Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ:
Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել, առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:
 
Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին  գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Երեկոյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից` չբացառելով, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։
 
Հավելենք, որ դեկտեմբերի 4–ի առավոտյան Երևանի քաղաքապետարանն ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարություն էր տարածել, սակայն երեկոյան վարորդները նշեցին, որ կվերադառնան աշխատանքի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը