Ասմա Ասադը ցանկանում է բաժանվել ամուսնուց և Մոսկվայից մեկնել Լոնդոն. Haberturk


Ասմա Ասադը ցանկանում է բաժանվել ամուսնուց և Մոսկվայից մեկնել Լոնդոն. Haberturk

  • 23-12-2024 15:50:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կինը՝ Ասման, ամուսնալուծության հայց է ներկայացրել, պնդում է թուրքական Haberturk պարբերականը՝ առանց աղբյուրը վկայակոչելու։ ԶԼՄ-ի տվյալներով՝ Ասմա Ասադին իբր դուր չեն գալիս Մոսկվայում ապրելու պայմանները և նա ցանկանում է մեկնել Լոնդոն։
 
Haberturk-ը գրում է, որ Ասադի կինը Մոսկվայից հեռանալու «հատուկ թույլտվություն» է խնդրել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ասադին արգելված է լքել Մոսկվան։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասադի տեղաշարժի սահմանափակումների և նրանից ամուսնալուծվելու կնոջ պլանների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
 
Հիշեցնենք՝ Ասմա Ասադը ծնվել և մեծացել է Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայում նա աշխատել է որպես ներդրումային բանկիր ամերիկյան JP Morgan բանկում: Նա ամուսնացել է Բաշար ալ-Ասադի հետ 2000 թվականին։ Բացի Սիրիայի քաղաքացիությունից, Ասմա Ասադն ունի բրիտանական անձնագիր։
 
Financial Times-ը գրել է, որ Ասմա Ասադը միջնորդների միջոցով վերահսկել է սիրիական տնտեսության ամբողջ հատվածները՝ հեռահաղորդակցությունը, անշարժ գույքը, բանկերը, առևտուրը։ Հրատարակության տվյալներով՝ երկրի տնտեսությունը բաժանվել է Բաշար Ասադի, նրա կրտսեր եղբոր՝ Մահերի և Ասմայի միջև։
 
Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը փախան Մոսկվա այն բանից հետո, երբ հակակառավարական խմբերը զավթեցին իշխանությունը երկրում: Ըստ Bloomberg-ի՝ Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ռուսական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա և ապաստան են ստացել։ Այս տեղեկությունը շուտով հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը