Նախկին նախագահները փաստացի մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը


Նախկին նախագահները փաստացի մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը

  • 24-12-2024 11:24:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ», - Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը՝ շեշտելով․ - «Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»:
 
Մուսինյանն այսպես արձագանքել է Հայաստանի վարչապետի առաջարկին։
 
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Հայաստանի նախկին երեք ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գրասենյակներից միաձայն պնդեցին՝ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Երեկ ավելի ուշ Ֆեյսբուքում՝ տեսաուղերձի միջոցով, Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրեց ուղիղ եթերում բանավեճի։
 
Մուսինյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան «բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով՝ թվարկելով՝ «Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:
 
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ նշել է՝ «բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»։
 
«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի», - հայտարարել է Միկոյանը։
 
Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից էլ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել են՝ «ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը»:
 
Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար, հայտարարել են Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ խորհուրդ տալով Փաշինյանին բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը