ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024 թ. կատարած աշխատանքները


ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024 թ. կատարած աշխատանքները

  • 24-12-2024 11:43:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ, ի թիվս այլ բարեփոխումների, խնդիր է դրվել մոդեռնիզացնելու ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնելու միգրացիայի կառավարման արդյունավետությունը։ Այս համատեքստում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որդեգրել է թվայնացման օրակարգ։
 
ՄՔ ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվում են հետևյալ գործառույթները․
 
• ՀՀ քաղաքացիությանն առնչվող հարցեր,
• օտարերկրացիներին ուղղված ծառայություններ, այդ թվում՝ ապաստանի համակարգ,
• անձնագրային գործարքներ։
 
Ծառայության լիազորությունների տիրույթում է նաև բնակչության պետական ռեգիստրի վարումը և տնօրինումը։ Նշված բոլոր ուղղություններով նախաձեռնվել են միկրոգործընթացների գույքագրում, օպտիմալացում և թվային գործիքների ներդրում։
 
ՀՀ քաղաքացիությանն առնչվող գործընթացներն ու վարչարարությունը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվեն էլեկտրոնային տիրույթ։ Սա կապահովի քաղաքացու հետ ընդամենը մեկ ֆիզիկական շփում, և հնարավոր կլինի ընդունել ավելի շատ դիմումներ։
 
Օտարերկրացիների մասով դեռևս 2022 թվականից թվայնացված է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակների տրամադրումը։ Նույն տրամաբանությամբ գույքագրվել են մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները։ Այս ուղղությամբ ևս մեկնարկել են հիմնական աշխատանքները, իսկ գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի առաջիկայում։
 
Անձնագրային ծառայությունների մատուցման համատեքստում՝ ենթակառուցվածքի մոդեռնիզացման հեռանկարով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցույթ։
 
Մասնավոր գործընկերոջ ներգրավումից հետո կթվայնացվեն դիմումների ընդունումն ու վարումը, կենսաչափական տվյալների հավաքագրումը, և ծառայությունների մատուցումը կկազմակերպվի միջազգային բարձր ստանդարտներով։
 
Իսկ մինչ այդ Ծառայությունը որդեգրել է կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ՝ գործարքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
 
• Հանվել է ելքի կնիքի կարգավորումը,
• հանվել է ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում մոտենալու պահանջը,
• ներդրվել է հերթերի կառավարման նոր՝ հիբրիդային համակարգ,
• թվայնացվել է փաստացի հաշվառման գործընթացը. այն կգործարկվի 2025 թվականից,
• պարզեցվել է ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետի կարգավորումը,
• նորացվել է Ծառայության տարածքային գրասենյակների և վարչական շենքի ներքին ցանցը, ինչի արդյունքում բարձրացել է կապի որակն ու անվտանգությունը։
 
Ընթանում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի վերանայում, որի արդյունքում ամբողջական կվերափոխվեն ինչպես բնակչության պետական ռեգիստրի տրամաբանությունը, այնպես էլ իրավական դաշտն ու ծրագրային ապահովումը։
 
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տվյալների, ինչպես նաև այլ տվյալների շտեմարանների համադրման ու հավաքագրման ուղղությամբ։ Ստեղծվել է համընդհանուր հարթակ, որին հասանելիություն կունենան ոչ միայն ոլորտի լիազոր մարմինները, այլ նաև տեղահանված անձինք։ Հարթակը կգործարկվի 2025 թվականին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն