Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
25-12-2024 11:36:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին գործադիրի ղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
Փաշինյանը տեղակացրել է, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի, այսուհանդերձ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հարցով «խորհրդակցել է գործընկերների հետ»։
Նախօրեին թեև դեռ հայտնի չէր Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, թե ոչ, Կրեմլից հայտարարել էին, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ։
«Առանձին պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել», - ասել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հայաստանը հունվարից 1 տարով ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, սա նշանակում է, որ կառույցի բարձագույն խորհրդի նստերը պետք է անցկացվեն նախագահող երկրում: Մինչդեռ նոյեմբերի վերջին Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ սպասվող հավաքը հայկական կողմի խնդրանքով կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում, սակայն այն կնախագահի ՀՀ վարչապետը։ Օրեր անց Փաշինյանը խորհրդարանում պարզաբանեց, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել՝ շեշտելով՝ «ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»։
Պեսկովը դեկտեմբերի 13-ին Մոսկվայում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում։