Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում․ Նատալի Լուազո
25-12-2024 13:42:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին հետ զրույցում։««Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։ Կապը լինելու է որպես խաղաղության համաձայնագրի դրական արդյունք՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե որպես նախապայման»,-շեշտել է Նատալի Լուազոն։ Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է երկու երկրների ընդհանուր նպատակը լինի։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է լինի երկու երկրների ընդհանուր նպատակը։ Մինչ այժմ Հայաստանը ցույց է տվել իր բարի կամքն ու փոխզիջման պատրաստակամությունը։ Ադրբեջանը պետք է անհապաղ համարժեք կերպով արձագանքի»,-ընդգծել է պատգամավորը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատգամավորը նաև հիշեցրել է Բաքվում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով անազատության մեջ գտնվող հայ գերիների մասին․ «Եկեք չմոռանանք նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը և հարգանքը մշակութային ժառանգության նկատմամբ»:
Անդրադարձ կատարելով նաև ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց, որ դա յուրաքանչյուր անկախ երկրի գործն է։«Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի գնմանն, ապա յուրաքանչյուր անկախ երկիր պարտավոր է ինքն իրեն պաշտպանել և զերծ մնալ ռազմական ագրեսիայից»,-եզրափակեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։