Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
25-12-2024 14:57:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր մոտ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա․
«Այսօր, ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական շփմանը չի կարողանա անմիջականորեն ներկա գտնվել։ Նա նախօրեին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է եղել, և մեկուսացման որոշում է կայացվել։ Մենք հույս ունենք, որ արդեն վաղը (իսկ վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովն է) նա կկարողանա մասնակցել տեսակապով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ իր մոտ քովիդ է ախտորոշվել, և չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։