Վրաստանի վարչապետն ակնկալում է, որ ընդդիմությունը կդադարեցնի ցույցերը և կվերադառնա խորհրդարան
27-12-2024 14:45:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդդիմությունը ռեսուրսներ չունի նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Խորհրդարանը կայացել է, կառավարությունն ընտրվել է, երեք օրից կկայանա ընտրված նախագահի երդմնակալությունը. այնպես որ ամեն բան ավարտվել է: Դա հասկանում է նաև արմատական ընդդիմությունը, և պետք է սպասել, որ արդեն փետրվարին մենք ընդդիմության պատգամավորներին տեսնենք խորհրդարանում», -ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Նա հավելել է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները չեն հրաժարվել պետական ֆինանսավորում ստանալուց, և «սա ուղղակի վկայություն է, որ նրանք լեգիտիմ են ճանաչում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները»։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 29-ին հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունների վերաբերյալ հարցին, վարչապետը հայտարարել է, որ իշխանության փոխանցման գործընթացը տեղի կունենա խաղաղ ճանապարհով, «չնայած նախագահական նստավայրում մնալու և իշխանությունների պահանջներն անտեսելու՝ արմատականների խորհուրդներին»։
«Կարծում եմ՝ բանը դրան չի հասնի, քանի որ հարյուրավոր ընդդիմադիրների հետ միասին նախագահական նստավայրից հեռանալուց հրաժարվելը կնշանակի քրեական հանցագործություն կատարել և դրան հաջորդող բազմամյա բանտարկություն ոչ միայն նրա, այլև նրան շրջապատողների համար», – ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։