Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հայտարարությունը յոթժամյա աշխատանքային օրվան անցնելու օրենսդրական նախագծի վերաբերյալ


Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հայտարարությունը յոթժամյա աշխատանքային օրվան անցնելու օրենսդրական նախագծի վերաբերյալ

  • 27-12-2024 15:42:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբս
 
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, քանի որ՝
 
- Աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը  և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։
 
- Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։
 
- Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի  այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։
 
- Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի, պայմաններում, ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը, անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողը շատ դեպքերում ստիպված է լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։
 
- Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս և գործատուներին կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում որտեղ աշխատում են անընդմեջ, տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրել։
 
- Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հակառակը անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը:
 
 Բացի այդ երկարատև աշխատանքային ժամերը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հոգեբանական և ֆիզիկական հոգնածության և լարվածության, որի արդյունքում ավելանում են աշխատավայրերում դժբախտ դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, և մասնագիտական հիվանդությունները․ մինչդեռ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»: 
 
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նույն աշխատանքն իրականացնել արագ և արդյունավետ։  Սա նշանակում է, որ աշխատելու համար անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ։
 
Ինչ վերաբերում է ՀՆԱ -ի աճին՝ այն ավելի շատ պայմանավորված է ինտենսիվ միգրացիոն հոսքերով և արդյունավետ քաղաքականությամբ այդ ոլորտում և այլ գործընթացներով, քան տոնական, ոչ   աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
 
Արհմիությունները սատարում են այս նախագիծը, քանի որ պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի կենսամակարդակի բարձրացմանը, և առաջին հերթին պետք է հաշվի առնվի ՀՀ-ում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցությունը, այլ ոչ միայն բիզնեսի շահը։ 
 
Ցանկացած բիզնես և տնտեսություն չի կարող զարգանալ առանց աշխատող մարդու, և ի վերջո, պետք է ընդունել, որ աշխատողը գործիք չէ և արժանի է արժանապատիվ աշխատանքային պայմանների և կյանքի։
 
Միայն արժանապատիվ աշխատանքով ապրող և աշխատող քաղաքացիներն են կարող ապահովել պետության անվտանգությունը և կայունությունը, միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալական արդարություն։ Այս մոտեցումն այլընտրանք չունի։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն