ՀՀԽ-ն անդրադարձել է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությանը
27-12-2024 16:00:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի վերաբերյալ Մայր Աթոռի երեկվա բարձրացրած խնդրին:
«Եկեղեցու տեղեկատվական համակարգը երեկվա հայտարարությամբ նշել էր, թե հաշվի առնելով, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների Ամանորի ուղերձի հեռարձակման տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները, հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռին նպատակահարմար չէ Հանրայինի եթերով Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը։
Հավելել են, որ Կաթողիկոսի ուղերձը կհեռարձակվի Ամանորի գիշերը Մայր Աթոռին հասանելի լրատվամիջոցներով՝ նախորդ տարիների ավանդույթով սահմանված ժամին:
Մայր Աթոռի հայտարարությանը արձագանքել է Հանրային հեռուստաընկերությունը:
Հանրային հեռուստատեսությունն իր ծրագրում ներառել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի ուղերձը: Կաթողիկոսի ելույթը ծրագրված է հեռարձակել պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին՝ «Լուրերի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո, որտեղ հեռարձակվելու են ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձները: Ամանորի ուղերձների հեռարձակման վերաբերյալ չկա օրենսդրական կարգավորում, յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները: Այս տարի, ինչպես նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերությունը որոշել է ուղերձները հեռարձակել նույն սկզբունքով:
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել է, որ հիմնավոր է համարում դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք.
հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ,
արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունը,
առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,
հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով,
կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից,
վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,
հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձն այս տարի ևս նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Մայր Աթոռից հայտնել են, որ նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով նրա ուղերձի հեռարձակումը։
Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել էր, թե ինչու է փոխվել կաթողիկոսի ուղերձի ժամը:
«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին»,- ասվում էր հայտարարության մեջ: