Պարզվում է՝ Թուրքիան և Իրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարց չեն քննարկել. Իոաննիսյանը՝ աղմուկի պատճառի մասին
07-01-2025 11:16:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանն այն մասին, թե Թուրքիան և Իրանը պատրաստվում են քննարկել «Զանգեզուրի միջանցք»-ի թեման:
«Պարզվում է, որ Թուրքիան և Իրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարց չեն քննարկել։ Իսկ շուխուռի պատճառը որոշ հայաստանյան լրատվամիջոցների կողմից առանց աղբյուրը ստուգելու ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն էր»,- գրել է նա:
Հունվարի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ բանակցությունների համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, սխալ էին ներկայացրել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին ասվածը վերագրելով «Զանգեզուրի միջանցք»-ին։