Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ. Թաթոյան հիմնադրամ
08-01-2025 13:35:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներք: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում։
ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության։ Դրա համար, երկիր կառավարելու փոխարեն, նրանք լծված են իշխանություն պահպանելու քարոզչությանը, սակայն նրանց իշխանությունում մնալն արդեն հակադրվում է մեր
ժողովրդի իրավունքներին ու պետության շահերին:
Հենց իշխանությունը պահպանելու առաջնահերթության պատճառով նրանք մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը և թուլացնում մեր ժողովրդի դիմադրողականությունը։
Այդ քարոզչության բաղկացուցիչ մասն են կազմում երկրի ներսում մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնց տարածմանը չպետք է որևէ կերպ նպաստել։
Արդյունքում՝ երկրում արմատավորվում է պետականությունը քայքայող ավտորիտար կառավարումը: Լուրջ խնդիրներ են առաջացել երկրի կառավարման, մարդկանց իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության, զինված ուժերի և դիվանագիտության ղեկավարման համակարգերում։
Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին: