Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը


Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը

  • 09-01-2025 11:20:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ «Ես շարունակում եմ գոնե լայնամասշտաբ պատերազմի և միջանցքը կտրելու հավանականությունը շատ փոքր համարել նույնիսկ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո»:
 
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
 
«Համարում եմ, որ Իլհամ Ալիևը հաշվել գիտի, և բոլոր հաշվարկներում ինքն էդ առումով օժանդակողներ ու աջակիցներ չունի և մենակ է: Ինչ վերաբերում է առաջարկին՝ մարտավարությունը փոխենք, և Ալիևի հռետորաբանությունը կամ պահանջները կփոխվեն, ծիծաղելի եմ համարում»,- նկատեց Սարգսյանը:
 
Ոչ թե Ալիևի պահանջները կփոխվեն, այլ ՌԴ-ն մեզ կփրկի վերահաստ պատերազմից՝ դիտարկմանն ի պատասխան՝ Սարգսյանն ասաց.
 
«Նման բան ասողները նախ պետք է ասեն, թե ինչ է պահանջում Ռուսաստանը մեզանից: ՌԴ-ն պահանջում է միջանցքը տալ իր վերահսկողությանը, ԵՄ դիտորդներին վռնդել Հայաստանից, Ռուսաստանը մեզնից պահանջում է արևմտյան երկրներից և ներառյալ Հնդկաստանից զենք չառնել: Այսինքն՝ էն, ինչը ասել է Ալիևը, նրանից առաջ դա ասել է Մարիա Զախարովան: Իլհամ Ալիևը կրկնել է այն տեսակետները, ինչն ասել է Զախարովան: Հիմա, եթե մարդիկ մտածում են, որ Ռուսաստանի հետ լինելուց ՌԴ-ն կհրաժարվի էդ պահանջներից, սխալվում են:
 
Ես կարող եմ ասել, որ եթե էդ ճանապարհով գնանք, որևէ բան չի խանգարելու, որ Ալիևն ասի՝ ինձ Վարդենիսն էլ է պետք, քանի որ պետք է Սևան իջնեմ, ջրային ռեսուրսները իմ երկրի համար շատ կարևոր են, ինձ պետք է տաք Վայքը, որովհետև էդտեղ նաև ադրբեջանցիներ են բնակեցվել, էդ ժամանակ ի՞նչ ենք անելու:
 
Էդ, որ ասում են հողի վրա, ես 2020-23 թթ. բոլոր հարցազրույցներում լսում էի ԼՂ-ի մասով, որ հողի վրա ռուսներն են, իրենք էլ պաշտպանում են, պաշտպանեցի՞ն: Հիմա էլ չեն պաշտպանելու: Պուտինի հետ գնալը փրկօղակ չէ, խորտակում է, մեկը լինի՝ Ռուսաստանին պաշտպանի, էսօր Ռուսաստանը չի կարող անգամ իր՝ Կուրսկի մարզն ազատագրի, իսկ տնտեսական առումով կոլապսի մեջ է»:
 
Հիշեցնենք՝ Ալիևը սպառնացել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, իսկ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն և չեղյալ համարեն այդ պայմանագրերը:
 
Նա կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
 
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը