Բաց նամակ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանին. Ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովի նկատմամբ իրականացվում են ապօրինի գործողություններ
14-01-2025 13:16:40 | Հայաստան | Հայտարարություններ
ՀՀ ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԿԻՆ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Պատճենները՝
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ-ում Եվրոպական միության ներկայացուցչությանը
ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատանը
ԶԼՄ-ներին
Հարգելի՛ տիկին Սարգսյան,
2025 թ. հունվարի 3-ին Հունաստանի «Պատրիդա» կազմակերպությունը (համայնքը) ստացել է ՀՀ քաղաքացի Ալվարդ Ռուբենի Էվոյանի դիմումը, ով բնակվում է Ալավերդի քաղաքում, Ջրավազանի փողոց 30, բն. 10 հասցեում։
Դիմումում նշվում է, որ 2024 թ. դեկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 8:00-ին, ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և մեկ քննիչ առանց որևէ բացատրության ներխուժել են նշված հասցեում գտնվող նրա բնակարան՝ առանց ընթերակաների ներկայության և սկսել են խուզարկությունը։ Ալվարդ Էվոյանը բնակվում է միայնակ։ Իրավապահ մարմինների անսպասելի այցը այս վաղ ժամին վախեցրել է հիվանդ կնոջը։ Ա. Էվոյանի պատմածով, խուզարկության արդյունքում ոչ մի իր, որն իրենց կարող էր հետաքրքրել, չի հայտնաբերվել։ Որոնում էին նրա որդու՝ ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովի նկատմամբ վարկաբեկիչ որևէ նյութ, ով գործարարության նպատակով մեկնել է Ռուսաստան և այնտեղ է գտնվում մինչ օրս։
Էվոյան Ալվարդի հետ զրույցում պարզեցինք, որ իրավապահ մարմինների այսպիսի կամայական այցելությունը նրան անհանգստացնում է նաև այն պատճառով, որ կասկածներ ունի, թե որդուն խոսքի ուղիղ իմաստով հետապնդում են տարածաշրջանի իրավապահ մարմինները։ Հետևում են արդեն երկար ժամանակ և այս փաստից ելնելով, նա չի բացառում, որ իրավապահները կարող էին հետախուզության ընթացքում իր բնակարանում արգելված առարկաներ (զենք, թմրանյութեր և այլն) տեղադրել, իսկ հետագայում, երբ որդին կվերադառնա, կազմակերպել նոր, կրկնակի խուզարկություն՝ դրանք հայտնաբերելու նպատակով։
Տիկին Էվոյանը վախեցած է իր որդու ճակատագրով և խնդրել է մեր կազմակերպությանը պաշտպանել իր ընտանիքը կամայականություններից։
Տիկին նախարար,
Խնդրում ենք հաշվի առնել, որ Ա. Էվոյանը թոշակառու տարեց կին է՝ լուրջ առողջական խնդիրներով և նրա որդին՝ Արմեն Կիլինկարովը, հաճախ գալիս է Ռուսաստանից՝ հանդիպելու իր մորը։
Ալվարդ Էվոյանը մեզ նաև տեղեկացրեց, որ երկու անգամ դիմել է Թումանյանի շրջանի ոստիկանության պետին՝ Ա. Գյուրջիյանին, իր մյուս որդու՝ Գագիկ Կիլինկարովի սպանության պատվիրատուին գտնելու պահանջով։ Գագիկ Կիլինկարովը, ով նույնպես ազգությամբ հույն էր, սպանվել է 2012 թ. հունվարի 12-ին Ալավերդի քաղաքում՝ ինչ-որ Վասիլ Շահվերդյանի կողմից։ Սակայն այդ դիմումները մնացել են անպատասխան։
Ալվարդ Էվոյանը ունի ոստիկանության պետի գրավոր պատասխան, որ պատվիրատուների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Մինչդեռ ողջ քաղաքին հայտնի է սպանության պատվիրատուն, և կասկածի տակ է ընկնում Ալավերդի քաղաքի նախկին քաղաքապետը։
Նշենք նաև, որ Գագիկ Կիլինկարովի սպանության տարում նրա եղբայրը՝ Արմեն Կիլինկարովը, գտնվում էր Ռուսաստանում։ Վերադառնալուց հետո իրավապահ մարմինները սկսել են անհիմն հետապնդումներ՝ վախենալով նրա եղբոր մահվան համար վրեժ լուծելու ցանկությունից։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հետախուզվող Արմեն Կիլինկարովի ձեռքում կան տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են իրավապահները նրան կանգնեցնում և պահանջում լքել Հայաստանը։ Ո՞վ է տվել Ձեր ենթականերին նման հակասահմանադրական գործողություններ իրականացնելու իրավունք։
Արմեն Կիլինկարովը ՀՀ քաղաքացի է, ազգությամբ հույն, Հայաստանում ունի սեփականություն և պետք է գտնվի պետության պաշտպանության ներքո, եթե, իհարկե, վերջինս դեռևս գոյություն ունի։ Գուցե այլևս չկա՞ Հայկական պետություն։ Ներեցեք, ականատես լինելով իրենց պարտականությունները մոռացած իրավապահների, ոչ մասնագիտական պահվածքին, որոնք մինչ օրս կատարում են Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակների նախկին, կաշառակեր ղեկավարների հանձնարարությունները, ակամայից ծագում է նման միտք։ Շրջանի իրավապահները, գտնվելով Վրաստանի իրավապահների հետ մշտական կապի մեջ, կարողացել են հասնել նրան, որ արգելված է վերջինիս մուտքը Վրաստան, որտեղ Մառնեուլի շրջանի Օպրետա գյուղում գտնվում է Արմեն Կիլինկարովի պապական տունը և նա պետք է դատական կարգով պաշտպանի իր ժառանգման իրավունքները։
Հարգելի՛ տիկին նախարար,
Մենք Ձեզ չէինք անհանգստացնի, հաշվի առնելով, որ դուք բոլորովին վերջերս եք ստանձնել Ձեր պարտականությունները և, ամենային հավանականությամբ, Ձեր մոտ հավաքված են շատ անհետաձգելի գործեր։ Մենք կդիմեինք <<Մարդու իրավունքների պաշտպան>> -ին, բայց, անգամ, նախկինում կայացած փոքրաթիվ ինստիտուտներից մեկը, նույնպես, անգործունյա է դարձել և կորցրել ժողովրդի վստահությունը։ Ասված է վաղուց և ոչ մեր կողմից. ուզում եք ավերել երկիրը, ավերել այն ներսից, նշանակեք կարևորագույն և պատասխանատու պաշտոններին ոչ մասնագետների։ Սա այն է, ինչ կատարվում է մինչ օրս։
Հուսով ենք, որ Դուք հանձնարարություն կտաք Ձեր ղեկավարած նախարարության համապատասխան կառույցներին՝ Ձեր որոշ աշխատակիցների կողմից թույլ տված իրավական ամենաթողության մեջ պարզաբանումներ անել։ Հայաստանի հույների <<Պատրիդա>> կազմակերպության համայնքի խնդրանքով, փաստաբաններին, կազմակերպության ընկերին և գործընկերներին հանձնարարվել է զբաղվել այս խնդրով։ Արդեն արվել են նրանց կողմից առաջին քայլերը։ Ուրախ եմ ծանոթության համար և միշտ պատրաստ եմ համագործակցության։
Հարգանքներով՝
Նախագահ՝ Էդ. Պոլատով (Պոլատիդիս)
Իրավապաշտպան
Կցվում է՝ Ալվարդ Ռուբենի Էվոյանի դիմումը և անձնագրի պատճենը։
Հ.Գ.
Հարցման կարգավիճակ՝
1990–1998 թթ.՝ ՀՀ Միգրացիայի պետական վարչության փոխնախագահ։
1998–2004 թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր Մարդու Իրավունքների Պաշտպանության խորհուրդ։
2000 թ.՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգման խորհրդի մասնակիցներից և կազմակերպիչներից մեկը։
2004–2011 թթ.՝ ՀՀ ՄԻՊ - ին առընթեր միգրացիայի փախստականների և ազգային փոքրամասնությունների հարցերոով զբաղվող պատասխանատու իրավապաշտպան։
2009–2018 թթ.՝ ՀՀ նախագահին կից ՀՀ հասարարական խորհրդի կազմակերպիչներից մեկը, խորհրդի անդամ։