Ադրբեջանը շինծու մեղադրանքներով կոծկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները. Օկամպո


Ադրբեջանը շինծու մեղադրանքներով կոծկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները. Օկամպո

  • 16-01-2025 13:30:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների (նկատի ունի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ բանտարկյալներին-Խմբ.) դեմ կատարված հանցագործությունները. այս մասին X-ում հրապարակած տեսանյութում ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
 
Նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն քրեական դատավարությունները:
 
«Ստալինը մեռած է, բայց Ալիևը  սովորում է նրանից՝ ցուցադրական դատավարություններն օգտագործելով իր թշնամիների վրա հարձակվելու համար. դա է այսօր կատարվում Ադրբեջանում»,- գրել է Օկամպոն՝ կիրառելով #FreeArmenianHostages հեշթեգը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու» համար։
 
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը