29-01-2025 14:38:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Հունվարի 27 –ին ադրբեջանական BakuTV հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել, որտեղ «Ռուսական տուն» մշակութային կենտրոնին մեղադրել է Ադրբեջանի դեմ լրտեսություն իրականացնելու և էթնիկ անջատողականությանը սատարելու մեջ: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այդ հաղորդումը տարածել են և հիշեցրել, որ անցյալ տարի լրտեսության համար տասնչորս տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Նազաքեթ Մամեդովան «Ռուսական տան» մշտական այցելուներից էր և, հավանաբար, այդ կառույցին որոշակի գաղտնիքներ է տրամադրել:
Բաքվում, ինչպես և աշխարհի շուրջ ութ տասնյակ երկրներում, «Ռուսական տուն» մշակութային կենտրոնները գործում են «Ռոսսոտրուդնիչեստվո» պետական գործակալության հովանու ներքո: Ադրբեջանական հեռուստաընկերությունը, այսպիսով, փաստացի Ռուսաստանի իշխանություններին է մեղադրել մշակութային ծրագրերի ծածկաքողի տակ Բաքվում էթնիկ անջատողականություն հովանավորելու և Ադրբեջանի դեմ լրտեսությամբ զբաղվելու մեջ:
Ակնկալվում էր, որ Մոսկվան այդ քարոզչությանը կհակադարձի ԱԳՆ կամ պետական դումայի պրոֆիլային հանձնաժողովներից մեկի մակարդակով, բայց շատ կոշտ հայտարարություն է տարածել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի տնօրեն Եվգենի Պրիմակովը:
Բացահայտ քամահրական արտահայտվելով հաղորդման հեղինակ «ոմն օրիորդի» հասցեին՝ ռուսաստանցի պաշտոնյան հավելել է: «Որքան ինձ հայտնի է, BakuTV-ն ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից և այժմ թող պատրաստ լինի դատաքննության: Ես կուզենայի կառավարության կողմից ֆինանսավորվող այդ լրատվամիջոցից լսել անհերքելի ապացույցներ կամ հերքում և ներողություն»- ասել է Պրիմակովը:
Նա խորհրդային հայտնի արևելագետ, քաղաքական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի թոռն է, մասնագիտությամբ՝ պատմաբան: Շուրջ երկու տասնամյակ «Եվգենի Սանդրո» լրագրողական ծածկանունով աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, գլխավորել է Մերձավոր Արևելքում «Ռոսիա-24»-ի թղթակցային բյուրոն: Պրիմակով-կրտսերը զբաղեցրել է պետդումայի խոսնակ Վոլոդինի խորհրդականի պաշտոնը, Բաշկիրիայի մեծամասնական ընտրատարածքից ընտրվել պատգամավոր:
Նրա պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2020 թվականին, երբ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ երկրների, արտերկրում բնակվող համերկրացիների հետ և միջազգային մշակութային կապերի պետական գործակալության տնօրեն: Եվգենի Պրիմակովը Ռուսաստանի Հանրային խորհրդի անդամ է, նախագահական ընտրություններում եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձ:
Այդ մակարդակի պաշտոնյան, որ բավական հարուստ, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը և, ամենայն հավանականությամբ, հատուկ ծառայությունների բնագավառներում, փորձ ունի, չէր կարող BakuTV-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին հրապարակային հայտարարություն անել՝ նախապես չունենալով համապատասխան ատյանի թույլտվությունը:
Իրավական առումով, իհարկե, հստակ չէ, թե Ռուսաստանի օրենսդրությունն ինչպե՞ս է կարգավորում նման հարցերը, «Ռոսսոտրուդնիչեստոն» դիմելու է Մոսկվայի որևէ շրջանային դատարանի՞, թե հայցը ներկայացնելու է Ադրբեջանի դատական իշխանությունների՞ն կամ դատաքննությունն ի՞նչ ընթացք և ավարտ կարող է ունենալ:
Եվգենի Պրիմակով-կրտսերի հայտարարությունն ամենից առաջ քաղաքական է: Նա Ռուսաստանի պետական գործակալության դեմ քարոզչության պատվիրատու է ճանաչում Ադրբեջանի կառավարությանը, այսինքն՝ Իլհամ Ալիևին, որ իր հերթին քաղաքացիական օդանավի աղետի համար պաշտոնական-հրապարակային ներողություն է ակնկալում Վլադիմիր Պուտինից:
Իսկ ընդհանուր առմամբ Պրիմակով-կրտսերի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Եվգենի Պրիմակով-ավագը և Հեյդար Ալիևը երկարմյա մտերմություն են ունեցել: Ըստ որոշ աղբյուրների՝ Մոսկվայից Բաքու, ապա Նախիջևան տեղափոխվելու, երեք տարի հետո իշխանության վերադառնալու հարցում Պրիմակովը Հեյդար Ալիևին մեծ աջակցություն է ցուցաբերել: Ադրբեջանի նախագահի պաշտոնում Հեյդար Ալիևի կայացրած առաջին որոշումներից մեկով Եվգենի Պրիմակովի անունը հանվել է Բաքվի հունվարի 20-ի դեպքերի քրեական գործով մեղադրյալների և միջազգային հետախուզման մեջ գտնվողների ցուցակից: Գուցե խորհրդանշակա՞ն է, որ Իլհամ Ալիևին «դատական պատասխանատվության» ենթարկելու հայց հենց Եվգենի Պրիմակով-կրտսերն է ներկայացնում: