ԱՄՆ-ն և ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել ճնշումը Մոսկվայի վրա
29-01-2025 15:50:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը պայմանավորվել են պահպանել «առավելագույն ճնշումը» Ռուսաստանի վրա՝ «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության» հասնելու համար։ Այս մասին ԵՄ ներկայացուցիչն ասել է հունվարի 28-ին Ռուբիոյի և Կալասի առաջին հեռախոսազրույցից հետո, փոխանցում է AFP-ն։
Դիվանագետներն ընդգծել են «ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը հիմնական գլոբալ հարցերում, ներառյալ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Չինաստանից ստացվող մարտահրավերները»,- հայտարարել են Բրյուսելում:
Զրույցի ընթացքում Կալասը իր զրուցակցին տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է ավելացնել Ռուսաստանից գյուղմթերքների և պարարտանյութերի մաքսատուրքերը։ «Դրանք հավանաբար բացասաբար կանդրադառնան ռուսական արտահանման եկամուտների և, հետևաբար, Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու Ռուսաստանի ունակության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Եվրամիությունն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի վրա, որը նախատեսում է ներառել օբյեկտների լայն տեսականի:
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումը, նաև ընդգծել է «անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, Եվրոպային կոչ արել մեծացնել պաշտպանական ծախսերը»: