Ցանկանում ենք տարածաշրջանում կայունության համար հանդես գալ որպես միջնորդ. Բոճորիշվիլի
30-01-2025 11:55:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Վրաստանի ԱԳ նախարարի կարծիքով` խաղաղության պայմանագիրն այնպիսի դրույթներով պետք է ամփոփվի, որ երկուստեք նպատակահարմար կլինի։
«Տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու։ Մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը` դյուրացնելու այս խաղաղության գործընթացը, որ ընթանում է մեր հարևան երկրների միջև։ Վրաստանը նվիրված է կայուն խաղաղություն տեսնելու ցանկությանը»,– նշեց Բոճորիշվիլին։
Նա հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը (հայ-ադրբեջանական-խմբ.) այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք ընդունելի կլինի։ Ըստ վրաց դիվանագետի` միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Բոճորիշվիլին ընդգծեց նաև, որ Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ։
«Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, այդպես կանեն նաև ապագայում։ Մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը` այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,– ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։
ՀՀ արտգործնախարարն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ–ադրբեջանական, այլ նաև հայ–վրացական սահմանի սահմանազատում իրականացնել։
Մակա Բոճորիշվիլին իր ելույթի ժամանակ նաև Արարատ Միրզոյանին հրավիրեց Վրաստան։ Միրզոյանն էլ ընդունեց հրավերը և ասաց, որ սիրով կայցելի Վրաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով հունվարի 30-ին է ժամանել Երևան:
Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Մինչ ասուլիսը` հայ և վրաց արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։