Քաղաքացին մանկապարտեզին վճարած եկամտահարկից կարող է գումարը ետ ստանալ․ վարչապետը մանրամասնել է
30-01-2025 13:50:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբ աշխատողները համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, ետվճար կստանան երեխաների ուսման վճարից:
«Եթե մանկապարտեզի համար 60 հազար դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը ետ ստանալ, գումարած դրան՝ 40 հազար դրամ այլ նպատակի համար, օրինակ՝ առողջապահական ծախսերի»,- ասել է նա՝ պնդելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ընկերությունների հաշվապահությունում արձանագրված։
Ըստ վարչապետի՝ բյուջեից այս ծրագրերի շրջանակներում նախատեսված է 70 մլրդ դրամի վերադարձ։ Այս համատեքստում նա խոսել է նաև սպորտային խմբակների ու աշակերտներին դասապատրաստող ուսումնական կենտրոնների մասին. «Կարգավորումներն այնպես անենք, որ այս կարգի ծառայություն մատուցելիս բյուրոկրատիան հնարավորինս հեշտացվի, բայց մյուս կողմից՝ բարիերներ ստեղծենք, որ կեղծ ծառայություն չմատուցեն»։