Նոր բան չկա, ՀՀ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Միրզոյանը՝ Ալիևի պահանջի մասին


Նոր բան չկա, ՀՀ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Միրզոյանը՝ Ալիևի պահանջի մասին

  • 30-01-2025 14:17:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Նոր բան չկա՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին», - վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը:
 
Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:
 
Արարատ Միրզոյանը շեշտեց՝ Երևանը բավականին կառուցողական առաջարկներ է մտածել և արել Ադրբեջանին և ակնկալում է նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը:
 
«Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք ապաշրջափակումը, իրականում այդ ապաշրջափակումը մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին, մեծ հաշվով մեր մոտեցումները արտացոլված են «Խաղաղության խաչմերուկում»», - ասաց արտգործնախարարը:
 
Կառավարության նախաձեռնության «Խաղաղության խաչմերուկում» հիմնարար սկզբունքներն են երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը յուրաքանչյուրը իր հատվածում:
 
«Բնականաբար, նաև հասկանալով, որ 21 դարն ընդհանրապես պարզեցումների, լոգիստիկ անցումների, հեշտացումների դար է, մենք ևս Ադրբեջանի հետ եթե և երբ կապաշրջափկվեն, մենք տեսնում ենք որոշակի պարզեցման ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել, և դրանից կրկին և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել», - նշեց նախարար Միրզոյանը:
 
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
 
Ադրբեջանի նախագահն, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ»-ը, հայտարարել է, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը