Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ


 

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ

  • 25-02-2025 17:10:59   | Շվեյցարիա  |  Քաղաքական



Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է.
 
«Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին, և մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները՝ թե՛ երկկողմ ոլորտային համագործակցության, թե՛ տարածաշրջանային փոխգործակցության համատեքստում»։
 
Արարատ Միրզոյանը Իսլանդայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ կարևորելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակումն ու կոնկրետ ուղղություններով կարողությունների ամրապնդումը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հարգման և միավորող արժեքային համակարգի հիման վրա փոխգործակցության կարևորությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական