Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը


Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը

  • 24-03-2025 18:15:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչական դատարանը վճիռ է կայացրել Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության շուրջ ծավալված իրավական ճգնաժամի վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով ՀԿԽԸ գործադիր մարմնի փոփոխության գրանցումը:
 
 
Այս մասին հայտնել է Աննա Եղիազարյանի թիմը:
 
«Համաձայն դատարանի վճռի՝ 2024թ. փետրվարի 8-ին գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին աշխատանքից ազատումը և ոչ օրինաչափ անձի գրանցումը նույն պաշտոնում անօրինական է եղել: Մինչ այդ, նշված թեմայի հետ կապված խախտումներ էր արձանագրել նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ինչի մասին զեկուցվել է նաև ՀՀ վարչապետին: Աննա Եղիազարյանի աշխատանքից ազատելու ոչ իրավաչափ լինելու փաստը արձանագրել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից մեզ պատասխանել են, որ վճռին դեռ ծանոթ չեն, սակայն դատարանի որոշումը չեն բողոքարկի:
 
Հիշեցնենք՝ ՀԿԽԸ-ում ամեն բան սկսվել էր նրանից, երբ նախորդ տարի կազմակերպությունը մեծ համագումար էր հրավիրել և նախագահ ընտրել ընկերության գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվել էր, որ այդ փաստը հեղինակավոր կազմակերպության նախագահողների սրտով չէ, որի կազմում է նաև կազմակերպության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը: Նրանք ընտրությունը որակել էին անօրինական, Եղիազարյանին էլ՝ մեղադրել քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու համար, քանի որ դրանից առաջ Եղիազարյանը, նրանց խոսքով, հրաժարվել էր ներկայացնել 2024 թվականի կառույցի բյուջեի հաշվետվությունը:
 
Դրանից որոշ ժամանակ անց Հայկական կարմիր խաչում նորից կայացել էր ընկերության 28-րդ տարեկան համագումարը։ Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել էին ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով (բացարձակ միաձայն) նախագահ էր ընտրվել Դավիթ Ներսիսյանը։ Այս ամենից հետո Եղիազարյանը դիմել էր դատարան:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն