Շուշան Ղազարյանը ֆեյսբուքում իմ ընկերն է եղել, հետո նա ինձ հեռացրեց, որովհետև ղարաբաղյան Շարժման մասին ոչ այնքան ստույգ «հիշողություններ» էր տարածում, հակադարձում էի, դիտողություններ անում, հերքում, փաստական նյութեր վկայակոչում: Մի խոսքով՝ գործին խփում էի։ Բայց դա չխանգարեց, որ Արմեն Քոլոյանի հետ շարունակեմ ընկերությունը, որ սկսվել է արդեն շատ հեռավոր 1998 թվականին, երբ աշխատանքի անցա «Ազատություն» ռադիոկայանում:
Ինձ համար չափազանց բարդ իրավիճակում, դա 1999 թվականի ամառն էր, երբ հետապնդվում էի որպես «անգլիական լրտես», Արմեն Քոլոյանը գործուղվեց Ստեփանակերտ և իր վրա վերցրեց քաղաքական հաղորդումների, հարցազրույցների կազմակերպման պատասխանատվությունը՝ ինձ թողնելով միայն օրախնդիր տեղեկատվությունը: Ի դեպ, նրան երկու շաբաթ հետո փոխարինեց Ռուզան Խաչատրյանը, ում աջակցությունը նույնպես երբեք չեմ մոռանա:
Արմենը հյուրընկալվել էր մի հեռավոր բարեկամի տան, որտեղ մեկ-երկու անգամ ինձ ճաշի հրավիրեց: Դա մի չափազանց համեստ, գրեթե գյուղական «հարմարություններով» տուն էր՝ շուկային հարակից խճողված փողոցներից մեկում:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արմենը Պրահայից կապվեց և հուզված ասաց, որ բարեկամներից ոչ մի տեղեկություն չունի, նրանցից ոչ մեկի բջջային հեռախոսին զանգել չի ստացվում: Հատկապես անհանգիստ էր գյուղի բարեկամների համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, նրանք Սղնախից են, որ անցել էր թշնամու վերահսկողությանը:
Հիշողությամբ, փողոցի մարդկանց հարցուփորձի օգնությամբ գտա այն տունը, որտեղ 1999 թվականի ամռանը հյուրընկալվել էի: Ոչ ոք չէր տուժել, իսկ առաջին հարկում ընդունել էին գյուղիղ տեղահանված հարազատներին: Ասացի, որ Պրահայից Արմենն է հետաքրքրվում, խնդրում է իր հետ կապվել կամ գործող հեռախոսի համար փոխանցել: Երեկոյան գրեցի, հեռախոսահամար փոխանցեցի:
Չեմ հետաքրքրվել, բայց համոզված եմ, որ Արմենը հեռավոր բարեկամներին անպայման օգնել է՝ ինչով կարող էր: 2023 թվականի սեպտեմբերի 21-ին նա դարձյալ կապվեց և արտասվախառը, կերկերուն ձայնով ասաց, որ բարեկամներից մեկի որդին նախագահի անվտանգության ծառայության աշխատակից է, երեք օր է՝ տնեցիները լուր չունեն, խնդրեց, որ փորձեմ «տղայի ճակատագիրը պարզել»: Ցավոք, չէի կարող օգտակար լինել, որովհետև Երևանում էի, Ստեփանակերտում իշխանություն էր փոխվել և որևէ մեկի հետ կապվել հնարավոր չէր:
Ես Արմեն Քոլոյանին այսպես գիտեմ: Իմ ճանաչած Արմեն Քոլոյանը չի կարող «արցախատյաց» լինել: Առհասարակ «արցախատյաց» հայ չկա: Արցախի վերնախավից, զինվորական և բիզնես-օլիգարխիայից դառնացածներ կան: Բայց նրանք ավելի շատ հենց արցախցի են, Արցախից բռնատեղահանվածներ:
Եվ տգեղ է, երբ Ստեփանակերտի «քաղմնացորդը», նախկին չինովնիկությունը, բիզնես-օլիգարխները «պատանդ են վերցնում» հայրենազրկված մարդուն, նրան ուղղորդում, որ Նիկոլն է հանձնել Արցախը, նա էլ պարտավոր է բնակարանով, աշխատանքով և ամեն ինչով ապահովել արցախցիներին։
Կառավարությունն է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրենց օտարել են արցախցիներից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մարդկանց ապրումները չափում է ինչ-որ թվաբանական հաշվարկներով, որոնց հաստատ միայն ինքն է հավատում: Բայց տգեղ և անմարդկային է նաև, երբ Ստեփանակերտից բռնատեղահանված լրագրողուհին Շուշան Ղազարյանին ասում է, «Քիչ է մնացել, քո սիրելի քույրերն ու եղբայրները կգան, նրանց հետ համերաշխ կապրես»: Իսկ երբ «նրանք գան», ինքն ի՞նչ է անելու: Այնպես որ՝ տգեղ եք ապրում, պարոնա՛յք կառավարություն և Ստեփանակերտի «քաղմնացորդներ»: Հարցեր ունեք, հավաքվեք մի տեղ և «կարգավորվեք»: Իսկ ժողովուրդն ինքնակարգավորվի: Թե խնդիրը հենց դրանից «վտանգի մե՞ջ է»:
Լուսանկարը՝ panorama.am-ի