Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում


 

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում

  • 11-04-2025 18:29:02   | Սլովակիա  |  Սպորտ

 
Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումային օրվա արդյունքներով Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ:
 
55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Մուտլուի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլիի հետ:
 
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում հաղթել է լեհ Մաիրբեկ Սարիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի հետ:
 
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7:2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանն ուժերը կչափի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ:
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 3:6 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 1:1 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցչին:
 
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Կարապետ Մանվելյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ