Հայ-վրացական անկա՞խ, թե՞ կախված ռազմավարական գործընկերություն
29-04-2025 18:30:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Ընդունելով պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի ընդհանուր շահերի և դրանց հիման վրա հարաբերություն կառուցելու մասին: Վրաստանի նախագահն էլ հիշատակել է նախորդ տարի ընդունված ռազմավարական գործակցության հռչակագիրը՝ խոսելով հարաբերության խորացման մասին:
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը երկու երկրների վարչապետները ստորագրեցին ավելի քան մեկ տարի առաջ՝ 2024 թվականի հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վրաստան: Իհարկե, դրանից մի քանի օր անց փոխվեց հռչակագիրը ստորագրած վարչապետը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, որի փոխարեն վարչապետ դարձավ Իրակլի Կոբախիձեն:
Ղարիբաշվիլին նրա փոխարեն զբաղեցրեց կուսակցության նախագահի պաշտոնը: Թե ինչով էր պայմանավորված այդ «փոխատեղումը», որի հեղինակը, անկասկած, Վրաստանի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին էր, միարժեք բարդ է ասել: Նաև բարդ է ասել, թե այդ փոփոխությունը որքանով ազդեց հայ-վրացական հռչակագրի գործնականացման ընթացքի վրա: Մտածել, թե Ղարիբաշվիլին կարող էր այդպիսի հռչակագիր պատրաստել ու ստորագրել առանց Իվանիշվիլիի համաձայնությունն ունենալու, թերևս կլինի միամիտ:
Հետևաբար, հազիվ թե Հայաստանի հետ հռչակագիրն էր նրա պաշտոնանկության պատճառը: Բայց բոլոր դեպքերում, մի բան է ակնառու, որ հռչակագրի ստորագրումից ավելի քան մեկ տարի անց, ըստ էության, գրեթե աննշան է այդ կարգավիճակի առարկայացումը: Ավելի քան մեկ տարի անց Հայաստանն ու Վրաստանը պաշտոնական փոխայցերի ընթացքում պարբերաբար խոսում են ռազմավարական գործընկերության մասին, բայց, համենայն դեպս, հայ-վրացական հարաբերությունն անցնող տարվա ընթացքում չի արձանագրել երկկողմ որևէ օրակարգային, ծրագրային շարժ, որը թույլ կտար ասել, որ հարաբերության նոր մակարդակից հետո գործ ունենք որակապես նոր երկկողմ գործակցության հետ:
Մեկ տարին, իհարկե, մեծ ժամանակ չէ ռազմավարական գործընկերության ամբողջական ծավալի դուրս գալու համար, բայց, անկասկած, բավարար, ժամանակ է հանրությունների համար նկատելի ընթացք տալու համար: Դա է, որ բացակայում է, և, հետևաբար առաջացնում հարց՝ հայ-վրացական երկկողմ հարաբերությունը, իր ռազմավարական գործընկերության մակարդակով, անկա՞խ է հայ-ադրբեջանական գործընթացից, թե՞ պայմանավորված է այդ գործընթացի արդյունքով: