Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Մարագոսի ուղերձը՝ Եվրոպայի օրվա առթիվ
09-05-2025 17:15:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում եվրոպական միության գրասենյակը հրապարակել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ:
«Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։
Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը՝ պատերազմի փոխարեն, միասնությունը՝ պառակտման փոխարեն։
Այսօր մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության, ազատության և համագործակցության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանը և համագործակցությանը՝ Եվրոպայում և անդին։ Ամբողջ աշխարհում բարեկեցության, անվտանգության և բարեփոխումների ոլորտում մենք սկզբունքային և վստահելի գործընկեր ենք։
Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Միաժամանակ նշում ենք նաև մեր մշակութային կապերը, քանզի հայկական և եվրոպական մշակույթները սերտորեն փոխկապակցված են։
Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը և բարեփոխումներին։ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դրանց հետագա ամրապնդումը կախված է երկու կողմի իրականացվելիք աշխատանքից։
Մենք նաև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը մեր կուռ հանձնառության վկայությունն է։
Շնորհավորում եմ բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ։